Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մայր թատրոնը՝ փորձադա՞շտ

Մայր թատրոնը՝ փորձադա՞շտ
29.07.2008 | 00:00

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՀԱԶԱՆԳ
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի աշխատաոճի նկատմամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչներս առավել հարգանքով լցվեցինք, երբ հրավիրվեցինք իրազեկվելու 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ընդգրկուն ծրագրի համառոտ դրույթներին։ 37 ենթակետերով մանրամասնված 9 հիմնական գործընթացների ընդհանուր բովանդակության պարզաբանումներով որոշակիացավ երկրի մշակութային քաղաքականության միտվածությունը՝ ժամանակի պահանջներին համընթաց զարգացնելու արդի հայ արվեստի բոլոր ոլորտները։ Տեղեկատվական-հաղորդակցական նոր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմամբ։ Միջազգային մասնագիտական չափորոշիչների տեղայնացմամբ։ Մշակութային ժառանգության համալիր պահպանությամբ։ Համագործակցության ակտիվացումը մշակութային ծառայություններ մատուցող մասնագետների, միջազգային համապատասխան կառույցների, Հայ առաքելական եկեղեցու և ՀՀ տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ, կարծում եմ, կնպաստի կադրային հստակ քաղաքականության ազգօգուտ վարույթին։ Այդուհանդերձ։ Մշակութային ժամանակակից ենթակառույցների զարգացման գործընթացների խթանման շուրջ ծավալվող խոսակցությունը, անհամեմատ կոնկրետանալով, անսպասելի շրջադարձ է կատարում, Գյումրու թատրոնում առկա անառողջ ստեղծագործական մթնոլորտի կարգավորման առաջնաքայլերից անցնում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիականին։ Տիկին Պողոսյանը հայտնում է, որ Մայր թատրոնի գեղարվեստական մակարդակը բարձրացնելու համար վճռել է օգոստոսի 15-ից միառժամանակ կասեցնել Վահե Շահվերդյանի լիազորությունները՝ որպես միանձնյա գեղարվեստական ղեկավարի, չսահմանափակելով բեմադրական գործունեությունը։ Համոզմունքը, որ արդի ռեժիսորական ուժերին իրենց կարողություններն ակադեմիական թատրոնում համահավասար դրսևորելու գործնական հնարավորություն տալով կարելի կլինի որակական նոր մակարդակի հասնել, ինձ հավատ չի ներշնչում։ Ենթադրելով, որ հաջորդ քայլը լինելու է կառավարման խորհրդի ձևավորումը, փորձում եմ հավաստիանալ դրա արդյունավետության մեջ ազգային օպերայի ու բալետի թատրոնի օրինակով։ «Արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը,- լինում է նախարարի պատասխանը։- Երեք նոր բեմադրություններ ենք նախատեսել իրականացնել Իվանյանի, Գրիգորովիչի և Ստուրուայի գլխավորությամբ։ Վստահ եմ դրանց հաջողությանը»։ Կասկածս խորանում է Մայր թատրոնում իրականացվելիք նորամուծություններին վերագրվող նշանակության հանդեպ։ Հիմքը՝ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի նոր ներկայացումից բոլորովին վերջերս ստացածս անմիջական տպավորություններն են։ Բեմադրող ռեժիսոր և նկարիչ Սուքիաս Թորոսյանին ընդհանուր առմամբ չէր հաջողվել երաժշտաթատերական հանրահայտ կտավի անսամբլային լիարժեք բեմավորումը։ Ստեղծագործական խմբի երաժշտական կատարողական բարձր արվեստն ակնհայտորեն չէր ծառայեցվել դրամատուրգիական հենքի ավարտուն, ներդաշնակ մեկնաբանությանը։
Ի տարբերություն օպերայինի, Սունդուկյանի անվան թատրոնն ուրույն գեղագիտությունը հաստատած վարպետ բեմադրիչի պակաս չի ունեցել։ Ավելին, ամոթալի լուծարված վիճակից դուրս բերելով ակադեմիական թատրոնը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը 12-ամյա նվիրումով կարողացել է գործող թատերախումբը հասցնել որակական մի նոր աստիճանի։ Խաղացանկային 24 ներկայացումներից շատերը մի շարք միջազգային փառատոների բարձր պարգևների են արժանացել։ Թատերաշինական իր բացառիկ ունակությունները նա ի հայտ է բերել դեռևս 1970-ականներից՝ հասունացնելով ու ամրապնդելով Վանաձորի թատրոնի համաշխարհային ճանաչումը։ Մոլեռանդ թատերապաշտությունն ուժ է տվել դիմագրավելու իր անվան ու գործի շուրջ հետևողականորեն հյուսվող չարակամության ջլատող ազդեցությանը։ Խնամքով թատերական նոր սերունդ է աճեցրել։ Չտարվելով եսակենտրոն փառասիրությամբ՝ Մայր թատրոնում բեմադրություններ անելու լայն հնարավորություններ է ընձեռել կոնկրետ առաջարկություններով հանդես եկող գրեթե բոլոր բեմադրիչներին։ Ներկա խաղացանկում մշտառկա են Հրաչյա Ղազարյանի, Տիգրան Գասպարյանի, Աիդա Հովհաննիսյանի, Արմեն Մեհրաբյանի, Սուրեն Շահվերդյանի, Գոհար Հարությունյանի բեմադրած ներկայացումները։ Վստահ եմ, որ բեմադրիչների այս շարքը նոր անուններով լրացնելուն որևէ մեկը սունդուկյանցիներից չի ընդդիմանա։ Առավել ևս՝ բազմազբաղ Վահե Շահվերդյանը։ Ի՞նչն է խանգարում մյուս «լավագույն բեմադրիչներին»՝ իրականացնելու իրենց նորաշունչ մտահղացումները Մայր բեմում, մշակույթի նախարարի բարեհաճ աջակցությամբ։ Կարծում եմ, հավանական բոլոր հավակնորդներն էլ դրա ռեալ հնարավորությունն ունեն։ Թե՞ ոմանց միայն անհրաժեշտ է գեղարվեստական ղեկավարի պատվավոր աթոռը։ Ազգային ակադեմիական թատրոնը չի կարող կանգուն մնալ առանց գեղարվեստական առաջնորդի։ Միանշանակ։ Դրան կհետևի հերթական փլուզումը, ինչը կարող է ճակատագրական լինել։ Ժամանակին Մայր թատրոնում ներքին ու արտաքին ինտրիգների ու չարակամ բանսարկությունների թիրախ են դարձել Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, Հրաչյա Ղափլանյանը, Խորեն Աբրահամյանը... Թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի։ Եվ արդի հայ բեմարվեստի վառ անհատականություններից մեկն էլ հեղինակազրկվի...
...ՀՀ մշակույթի նախարարությունում սկիզբ առած խոսակցությունը շարունակվեց Սունդուկյանի թատրոնում։ Արձակուրդի մեջ գտնվող ստեղծագործական կազմի մի մասի հետ վարած զրույցում տիկին Պողոսյանը հստակեցրեց իր դիրքորոշումը։ Եվ պարզ դարձավ, որ նա ոչ թե եկել է խորհրդակցելու, այլ իրազեկելու Վահե Շահվերդյանին գեղարվեստական ղեկավարի պաշտոնից ազատելու իր որոշման մասին։ Առաջինը կանխազգալով նախարարի այցի հեռահար նպատակը՝ Շահվերդյանն ինքը հրաժարվեց զբաղեցրած պաշտոնից, հասկանալով, որ անիմաստ է կոնկրետ գործերի փաստերով իրեն ներկայացվող կցկտուր մեղադրանքները հերքելը։ Ի վերուստ ամեն ինչ որոշված է կարծես, վերջնականապես։ Եվ նախնական փոխադարձ պայմանավորվածությամբ օգոստոսի 20-ին նշանակված նոր գեղարվեստական խորհուրդ ձևավորելու, իբր, կոչված հավաքը ըստ էության որևէ արմատական հարց չի լուծելու։ «Իմ 12-ամյա գործունեության մասին ես կարող եմ ծավալուն մի գիրք հրատարակել,- ասաց հերթական զոհի կարգավիճակում հայտնված Վահե Շահվերդյանն ամենայն արժանապատվությամբ։- Թող ժողովուրդը գնահատի իմ անմնացորդ տքնանքը Մայր թատրոնում։ Բայց, զգուշացնում եմ, թույլ չեմ տա փոշիացնել թատերաշինությանս մնայուն արդյունքները։ Սա նաև իմ թատրոնն է, և ես պատասխանատու եմ նրա համար»։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7843

Մեկնաբանություններ